Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿՂԵՑԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Дата: 13.10.2009

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿՂԵՑԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ12:37Մարիամ Տատիկը 1990թ.-ին Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին վերադարձնելու փորձ անող ակտիվիստներից է: Նա պատմում է, որ սբ. Նշան եկեղե





ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿՂԵՑԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
12:37
Մարիամ Տատիկը 1990թ.-ին Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին վերադարձնելու փորձ անող ակտիվիստներից է: Նա պատմում է, որ սբ. Նշան եկեղեցին փակ էր, իսկ տեղի բնակչություն շատ էր ուզում, որ այն բացվեր և իրենք կարողանային մոմ վառել: Հիշեցնենք, որ Սուրբ Նշան (Ս. Վարդանանց) եկեղեցին գտնվում է քաղաքի Մարդա կոչվող թաղամասում, Ս. Նշան բլրի վրա: Այն Վրաստանում գտնվող «վիճելի» համարվող եկեղեցիներից մեկն է, որը դեռևս չի վերադարձվել Հայ առաքելական եկեղեցուն:

Եկեղեցին մինչ այդ ծառայել է որպես զինհագուստի, աղի և այլ իրերի պահեստ: Այն վերաբացելու նպատակով 1990թ. Մարիամ տատիկը մի շարք այլ հավատացյալների հետ ցանկացել է եկեղեցու թանագարանային նմուշները դուրս բերել, մաքրել եկեղեցին:

Վրացի ոստիկաններն անմիջապես եկել են, արգելել որևէ գործողություն կատարել, Մարիամ տատիկին ու մյուսներին փակել սուրբ Նշան եկեղեցում:

«Հազիվ հասուցինք ճվալ, օր ուկրեպռայոնի մեծին զգուշացնեն, մեզի քան էստից հանեն: Ադիկ իրեն սալդատնուն առավ, վեր եկավ, օր դուռը բացին, մեզի դուս հանեցին: Ոչ հաց կուտեինք, ոչ ջուր, առավոտը լուսանար կը` էնտեղ էինք, գիշերը` էնտեղ, 5-6 օր ադպես անցուցինք: Աբխազներնա եկան, մեզի օգնեցին, ըսին` «միք վախենա, մենք ձեզի հետ ենք»,-հիշում է Մարիամ տատիկը:

Մարիամ տատիկին դրանից հետո մի քանի օրով աշխատանքից հեռացրել են: Խիստ նկատողություն են տվել, բայց նա հույսը չի կորցրել և այսօր Ախալցխայից Հայաստան ուխտագնացության մասնակից 50 ուխտավորներից է: Այս ամենը «Հետքին» պատմելուց էլ` նա խնդրեց իր նկարը չտպագրել և փոխել անունը, այլապես իրեն աշխատանքից կհանեն կամ էլ որդիները լուրջ խնդիրներ կունենան:

«Հայաստանու վեռտալյոթով եկած պաշտոնավոր մարդիկ մեզի զգուշացուցին օր, «մե քիչմ ա մեր մասին մտածեցեք, մենք մե ճամփամ ունինք, ուրիշ ճամփա չունինք»»,-շարունակում է մյուս ուխտավորը:

Այդ դեպքեից հետո եկեղեցու դռները որոշել են բաց թողնել` թե հայ, թե վրացի այցելուների համար, բայց եկեղեցու պատկանելությունը դեռևս վիճարկվում է:

Եռօրյա ուխտագնացություն` Հայաստանի պատմական վայրերով

Ուխտագնացությունը նախաձեռնել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Աջակցել են ախալցխացի բարերարները: Ուխտագնացությանը մասնակցում էին թե տարեցները, թե փոքրերը, թե երիտասարդները:

«Մի մասը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարներն են, նրանք, ովքեր անմիջական մասնակցել են շինարարությանը, մյուս մասը` Երիտասարդական կենտորնի սաներն են, և Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալներից ընտրել ենք տարիքով մեծերին, որովհետոև ոչ ոք չգիտի` գուցե նրանց հետագա տարիներին չհաջողվի այցելել այս վայրերը»,-ասաց Տեր Հայրը:

Եռօրյա ուխտագնացությունը մեկնարկեց Սարդարապատից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում թանգարանի այցելությունը տպավորեց ուխտավորներին, իսկ Եռաբլուրի ղարաբաղյան ազատամարտիկների հայորդիների գերեզմանների այցելության ժամանակ «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը որոշ դրվագներ պատմեց հերոսների սխրանքներից:

Խոր Վիրապում աղոթելուց հետո ուխտավորները հասցրեցին այցելել նաև Նորավանք, և ուխտագնացության առաջին օրն ավարտվեց Զանգեզուրի «Սիրանույշ» ճամբարում:

Ախալցխայի հայերին զարմացրեց ճամբարի պատերին փակցրած վրացերեն գրությունները: Ճամբարի տնտեսվար Թաթոսը պատմեց, որ այն գործում է Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո, և նախատեսված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ամառային այցելությունների համար: Այստեղ են գալիս նաև ուխտավորներ այլ երկրներից:

Տեր Հոր աղոթքով վայելած ընթրիքից հետո հնչեց հայկական «Յարխուշտան» ու «Քոչարին», և Երիտասարդական կենտրոնի սաները շուրջպար բռնեցին:

Լուսադեմի ուղևորությունը դեպի Տաթևի վանք ուղեկցվում էր մառախլապատ եղանակով: Մինչև վանք տանող մոտ երկու ժամ տևող քարքարոտ ճանապարհը ուխտավորները «հաղթահարեցին» «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով, քանի որ կենտրոնական մայրուղուց Տաթև տանող երթուղայինները բացակայում էին, իսկ ներկա միայն մեկի համար վարորդը 30 հազար դրամ պահանջեց 15 ուղևոր տեղափոխելու համար:

Ի տարբերություն Տաթևի վանահայր Միքայելի և Սամվել սարկավագի ջերմ ընդունելությունը, Տաթևի վանքը ուխտավորներին դիմավորեց թանձր մառախուղի մեջ: Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Տաթևի վանքում պատարագ մատուցեց:

«Մեր պատարագի ուխտը և մեր ուխտագնացության նպատակը երկու ձևով է իմաստավորվում: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Տաթևացի հայրապետի մահվան 600 ամյակը: Եվ երկրորդը` առայժմ Սուրբ Նշանի վերադարձման հարցը սառեցված է: Մենք աղոթեցինք Սուրբ Նշանը օրինական տիրոջ վերադարձնելու համար և հույս ու հավատ ունենք, որ անպայման մեր եկեղեցին գա մեզ հասնի, և մենք սկսենք պատարագ մատուցել»,-ասաց Տեր Հայրը:

Այսօր ախալցխացիների ուխտն ավարտվեց Ազգային պատկերասրահ այցելությամբ, և այս պահին նրանք վերադառնում են Ախալցխա:

«Շատերն են ասում, որ երբ գնում են Սուրբ Նշան, գտնում ենք հոգու հանգստություն: Մենք անընդհատ երազել ենք Սուրբ Նշանը մեզ վերադարձնելու մասին: Այդ նպատակով և այդ մտքով մենք որոշեցինք ուխտագնացության գալ դեպի Տաթևի վանք` աղոթելու, որ վերջապես վիճելի եկեղեցիներից մեկը վերադարձվի իր հարազատ եկեղեցուն: Դուք պետք է տեսնեք, թե ինչ թվով մարդիկ են բարձրանում Սուրբ Նշան ամեն երկուշաբթի` լույսը բացվելուն պես մինչև ուշ գիշեր»,-ասաց Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Վերոնիկա Համբարյանը:

Կենտրոնի սաները խոստացել են, որ հենց Սուրբ Նշանը օրինականորեն վերադարձվի իրենց, եկեղեցու բակում պետք է երգեն, պարեն, որպեսզի զուռնան արդեն հնչի այնտեղից:
Քրիստինե Աղալարյան
hetq.am

Источник: http://www.miacum.am/gazeta/2009/10/13/83970